Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանը ճանաչում են նաև թարգմանական գրականությամբ

Հայաստանը ճանաչում են նաև թարգմանական գրականությամբ
17.03.2014 | 17:21

Գյոթեի ինստիտուտը շահագրգռված է ամբողջ աշխարհում գերմանալեզու գրականության տարածմամբ:

2014 թ. մարտի 6-10-ը Գյոթեի ինստիտուտի նախաձեռնությամբ Գերմանիայի Շտրալեն քաղաքում, թարգմանիչների եվրոպական կենտրոնում, կազմակերպվել է սեմինար՝ հայերենից գերմաներեն և գերմաներենից հայերեն գեղարվեստական թարգմանիչների համար: Սեմինարի թարգմանիչ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ավագ դասախոս Գայանե Գինոյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ հայտարարվել է մրցույթ, ապա մրցույթի արդյունքում էլ ընտրվել են սեմինարի մասնակիցները: Սեմինարը հովանավորել են Գերմանիայի թարգմանիչների ֆոնդը, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամը, Գերմանիայի արտգործնախարարությունը և Գյոթեի ինստիտուտը, որը պատասխանատու է Անդրկովկասի երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար: Սեմինարի կազմակերպիչն էր Վրաստանի Գյոթեի ինստիտուտի տեղեկատվության և գրադարանի ղեկավար Բարբարա Վաթենդորֆը: Սեմինարի ժամանակ ընտրվել են գերմանական ժամանակակից գրականությունից Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերտա Մյուլլերի, Շտեֆան Թոմեի և 2013թ. Լայպցիգի գրքի փառատոնի մրցանակակիր Դավիթ Վագների ստեղծագործությունները, իսկ հայ ժամանակակից արձակից նախապատվությունը տրվել է Լևոն Խեչոյանին և Արամ Պաչյանին:
Սեմինարը նվիրված էր թարգմանության գործնական խնդիրներին: Սեմինարի ժամանակ գերմանացի թարգմանիչ Ռոզեմարի Տիցեն, որը թարգմանում է ռուսերենից գերմաներեն և համարվում է Անդրեյ Բիտովի ստեղծագործությունների թարգմանիչը, ներկայացրել է պրոֆեսիոնալ թարգմանիչների իրավական և սոցիալական խնդիրները: Տիկին Տիցեն հիմնադրել է գերմանացի թարգմանիչների ֆոնդը, թարգմանում է նաև Լև Տոլստոյի ստեղծագործությունները: Հայկական կողմից սեմինարին մասնակցել է նաև «Առաջին» գրական գործակալության տնօրեն Արևիկ Աշխարոյանը, որը ներկայացրել է հայ ժամանակակից գրականությունը և գրականության տարածումը Եվրոպայում: Սեմինարին մասնակցել է նաև ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը: Գայանե Գինոյանի խոսքերով՝ սեմինարը միտված էր որակյալ թարգմանիչներ պատրաստելուն, հայ և գերմանական գրականությունը Գերմանիայում և Հայաստանում տարածելու համար:
ՈՒշագրավ է, որ հայկական սեմինարին զուգահեռ նույն քաղաքում ընթացել է նաև վրացերենից գերմաներեն թարգմանիչների սեմինարը, որը ֆինանսավորել էր Վրաստանի մշակույթի նախարարությունը: Գյոթեի ինստիտուտը ակնկալում է, որ հաջորդ անգամ Հայաստանի մշակույթի նախարարությունը կֆինանսավորի հայերենից գերմաներեն թարգմանիչների նոր սեմինարը՝ ի նպաստ հայ գրականության տարածման:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ